«Խաղաղության համաձայնագրի տեքստի 80-90 տոկոսը, արտգործնախարարի՝ ինձ տրամադրած տեղեկություններով, արդեն համաձայնեցված է»,- Բաքվի վերահսկողությանն անցած Շուշիում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա հավելել է, որ Հայաստանին ստիպել են տեքստից հեռացնել Արցախի վերաբերյալ դիրքորոշումն ու տերմինաբանությունը, ինչը ճանապարհ բացեց կարգավորման գործընթացի հետագա զարգացման համար։ Միևնույն ժամանակ, ըստ Ալիևի, «երկու հարց բաց է մնում»։                
 

«Կոռուպցիայի խնդիրը մեր հանրապետության համար դարձել է քրոնիկ հիվանդության նման մի բան»

«Կոռուպցիայի խնդիրը մեր հանրապետության համար դարձել է քրոնիկ հիվանդության նման մի բան»
16.01.2009 | 00:00

«ՄԵՐ ԳԼԽԻՆ ԵԿԱԾ ՊԱՏՈՒՀԱՍՆԵՐԻ ՄԻ ԶԳԱԼԻ ՄԱՍՆ ԱՅՆ ՊԱՏՃԱՌՈՎ Է, ՈՐ ՄԵՆՔ ՀԵՌԱՆՈՒՄ ԵՆՔ ԱՍՏԾՈՒՑ»
…և ոչ միայն մշակույթի մասին
Մեր հանրապետությունում կրթական բարեփոխումների գործընթացն իրականացնող կարևորագույն օղակներից մեկն է գնահատման և թեստավորման կենտրոնը (ԳԹԿ), որի տնօրեն, ֆիզմաթ գիտությունների թեկնածու, դոցենտ, Ռուսաստանի սոցիալական և մանկավարժական գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ ՄԱՆՈՒԿ ՄԿՐՏՉՅԱՆՆ է մեր զրուցակիցը:
«ԿՈՌՈՒՊՑԻԱՆ ԻՆՁ ՀԱՄԱՐ ՄԻՇՏ ՑԱՎԱԼԻ ՀԱՐՑ Է ԵՂԵԼ»
-Պարոն Մկրտչյան, ԳԹԿ-ի տնօրենի պաշտոնը զբաղեցնելը ենթադրո՞ւմ է ավգյան ախոռները մաքրելու հերկուլեսյան առաքելություն:
-Չէի ցանկանա ընկալվեր այնպես, որ այս աշխատանքի հիմնական իմաստը բացասական երևույթները, թերությունները վերացնելն է: Այդ խնդիրը կա, իհարկե, բայց առաջնային չէ և ամենաանհրաժեշտը չէ: Մեր հիմնական նպատակն է ստեղծել գնահատման նոր համակարգ, որպիսին չենք ունեցել: Դա պետք է հագեցած լինի համապատասխան գաղափարներով, ընդգրկի համապատասխան ծավալներ: Այս աշխատանքը ենթադրում է մեծ պատասխանատվություն: Բայց նաև բավական հաճելի ստեղծագործ աշխատանք է, որը և գրավում է ինձ:
-Մեր հանրապետությունում կրթական համակարգն ամենակոռումպացվածներից մեկն է՝ սկսած դպրոցական դրամահավաքներից մինչև բուհական ընդունելություն և այդուհետ: Ձեր ղեկավարած կենտրոնի գործունեությունը կարո՞ղ է նպաստել այս երևույթը կանխելուն, թե՞ նման նպատակ չի դրված Ձեր առջև:
-Նպատակը դա չէ, բայց աշխատանքի ընթացքում այդ խնդիրը ծագում է և, ցավոք, դառնում առաջնայիններից մեկը: Կոռուպցիայի խնդիրը մեր հանրապետության համար դարձել է քրոնիկ հիվանդության նման մի բան, որը շատ դժվար է բուժել: Կրթական ոլորտի կոռումպացվածության մասին խոսելիս երևույթը պետք է դիտարկենք խնդրի ընդհանուր լուծման համատեքստում: Շատ մեծ նշանակություն ունի, թե այն ինչպես կլուծվի այլ ոլորտներում: Մյուս կողմից էլ, կրթական համակարգում այդ խնդիրը լուծելով, մենք չպետք է կարծենք, թե ընդամենը կրթական համակարգի խնդիր ենք լուծում: Դա նաև պետք է նպաստի, հանգեցնի այդ խնդրի լուծմանն այլ ոլորտներում:
-Դուք հիմա պատասխանում եք որպես կրթական համակարգի բարձրաստիճան պաշտոնյա՞, թե՞ պարզապես Հայաստանի քաղաքացի:
-Կոռուպցիան ինձ համար միշտ ցավալի հարց է եղել: Ես դեռ սովետական տարիներին ասում էի, որ մեր ամենամեծ պրոբլեմը դա է: Եվ որքան երևույթը խորանում է, այնքան դառնում է վտանգավոր: Այս դեպքում իմ պաշտոնը կարևոր չէ: Հարցն ինձ հուզում է որպես Հայաստանի քաղաքացու:
«ՄԱՐԴՆ ԱՍՏԾՈՒՑ ԱՌԱՋԻՆ ՀԵՐԹԻՆ ՊԵՏՔ Է ԽՆԴՐԻ ՄԵՂՔԵՐԻ ԹՈՂՈՒԹՅՈՒՆ»
-Հայ մարդու՝ Աստծուն ուղղված աղերսներն այսօր առավելապես ի՞նչ բովանդակության են, ըստ Ձեզ:
-Հայ մարդը (և ոչ միայն) Աստծուց առաջին հերթին պետք է խնդրի մեղքերի թողություն, ապա՝ հաղորդակցվելու շնորհ: Աստվածաշնչում շատ հետաքրքիր մի պահ կա։ Հիսուսը, դիմելով աշակերտներին, ասում է, որ ինքը կգնա, ու կգա Մխիթարիչը, այսինքն՝ Սուրբ Հոգին: Հետևաբար, հիմա Սուրբ Հոգին ներկա է աշխարհում: Բայց մեկ այլ բան էլ կա. Հիսուսն ասում էր, թե կարող են հարցնել Սուրբ Հոգուց ամեն ինչի մասին ու խորհուրդներ ստանալ, նույնիսկ կարող են իմանալ ավելին, քան իրենից են իմացել: Այս հարցնելն ու ստանալն այնքան էլ պարզ բան չէ: Դա հատուկ շնորհք է: Կարողանալ հաղորդակցվել Սուրբ Հոգու հետ, արժանանալ այդ պարգևին ու մշտապես պահպանել այն` ամենակարևոր բանն է: Ես չեմ կարծում, թե մեր ժողովուրդը, իրեն քրիստոնյա, հավատացյալ համարելով հանդերձ, իսկապես Աստծուն դիմում է խնդիրներ ունենալիս: Խոսքը պրոբլեմների, հոգսերի մասին չէ: Նույնիսկ երբ մարդ ինչ-որ պատասխանատու որոշում է կայացնում, պիտի դիմի Աստծուն: Օրինակ՝ երիտասարդ աղջիկներից քանի՞սն են ամուսնությունից առաջ դիմում Աստծուն՝ իրենց ընտրության հարցում խորհուրդ ստանալու համար, պարզելու համար՝ իրենք աստվածահաճո՞ ընտրություն են կատարել, թե՞ ոչ:
-Ամանորը հոգևո՞ր բովանդակության տոն եք համարում, թե՞ աշխարհիկ:
-Չեմ կարծում, թե Նոր տարին առնչություն ունի հոգևորի հետ: Հոգևոր իրողության հետ առնչություն ունի Սուրբ ծնունդը: Ընդ որում, Հայ առաքելական եկեղեցու օրենքներով, այդ օրերին հայտարարվում է պահքի շրջան, մինչդեռ մեր ժողովուրդն զբաղված է ուտել-խմելով:
«ԵՐԲ ԱՍՏՎԱԾ ՔԵԶ ՀԵՏ ՉԷ, ԴՈՒ ԿԱՐՈՂ ԵՍ ՇԱՏ ԴԱԺԱՆ ՓՈՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՆԹԱՐԿՎԵԼ»
-Ինչպե՞ս եք վերաբերվում հեթանոս աստվածներին պաշտամունքի ծեսեր մատուցելու մերօրյա իրողությանը, հայ քրմերի գոյության փաստին:
-Կարծում եմ՝ մեր գլխին եկած պատուհասների զգալի մասն այն պատճառով է, որ մենք հեռանում ենք Աստծուց: Կամ՝ ժամանակ առ ժամանակ ենք հեռանում: Ընդ որում՝ չպետք է մտածել, թե Աստված մեզ պատժում է: ՈՒղղակի երբ Աստված քեզ հետ չէ, դու կարող ես շատ դաժան փորձությունների ենթարկվել, քեզ հետ կարող է ամեն ինչ պատահել: Մենք և՛ ազգովի, և՛ անհատապես լուրջ հիմքեր ենք ստեղծել, որպեսզի ապաշխարենք: Մենք ապաշխարելու մեծ կարիք ունենք: Տեղիք ենք տվել դրան: ՈՒ դրսևորումներից մեկն էլ Աստծուց հեռանալն է, հետ գնալը դեպի հեթանոսություն, հեթանոս աստվածներին պաշտելը: Սա շատ վիրավորական է: Երբ քեզ տրված է ուրախանալու հնարավորություն այն բանով, որ Աստված քեզ, քո ազգությունն ընտրել է իր ճանապարհով գնալու համար, բացել է քո առաջ այդ ճանապարհը, բացահայտել է քեզ համար քրիստոնեական հրաշքը, ու դու հրաժարվում ես այդ պարգևից, շատ ծանր մեղք է:
-Մեր երկրի ներքաղաքական քաոսը նո՞ւյնպես Աստծուց հեռանալու արդյունք է:
-Իհարկե: Աստված սեր է, սերը ներողամտություն է, սերը փոխըմբռնում է, սերը համբերություն է: Եվ եթե կա գժտություն, նշանակում է կա սիրո պակաս: Եթե կա որևէ խառնակչություն, նշանակում է, որ Աստված բացակայում է: Իսկ երբ Աստված բացակայում է, անհնար է, որ չսկսվեն խառնակչություն, կռիվ, հալածանք, խառնաշփոթ, խռովություն: Հենց որ Աստծո ներկայությունը մի փոքր թուլանում է, լինում են նման դրսևորումներ:
«ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՆՐԱ ՀԱՄԱՐ ԵՆ, ՈՐ ԱՊԱՀՈՎԵՆ ԱՐԴԱՐՈՒԹՅԱՆ ԹԱԳԱՎՈՐՈՒԹՅՈՒՆԸ»
-Եթե Աստված սեր է, սերը՝ ներողամտություն, այս կենսափիլիսոփայությունից չի՞ բխում մարտի 1-ի գործով ձերբակալվածներին համաներում շնորհելու անհրաժեշտությունը:
-Ես այդ հարցով իսկապես չեմ զբաղվում: Համաներման հարցը կապ չունի Աստծո ներողամտության հետ: Գոյություն ունի նաև արդարության հարց: Իշխանությունները նրա համար են, որ ապահովեն արդարության թագավորությունը: Իսկ արդարությունը կարող է խախտվել տարբեր ձևերով: Պատկերացնո՞ւմ եք, որ ես անեմ այն, ինչ ցանկանամ, ու այն մարդը, որը հույս ունի, թե ինչ-որ ուժ ինձ կանգնեցնելու է, տեսնի, որ ոչ թե կանգնեցնում է, այլ ներում: Իմ նկատմամբ ներողամիտ լինելով հանդերձ՝ այդ ուժն անարդար է վարվում կարգուկանոնի նկատմամբ, այն մարդկանց նկատմամբ, ովքեր հույսները դրել էին իր, տվյալ դեպքում՝ իշխանությունների վրա: Ընդհանրապես, սկզբունքն ինքնին անընդունելի է. չի կարելի մտածել, թե մարդասպանին կարելի է ներել:
-Իսկ ինչպիսի՞ն են ակնկալիքները 7-ի գործով դատավարությունից: Վստա՞հ եք, որ այն անաչառ կլինի:
-Անկեղծորեն խոստովանեմ՝ չեմ զբաղվում այդ հարցով և չեմ զբաղվում գիտակցաբար: Չեմ կարդում այդ թեմային վերաբերող հոդվածներ, չեմ լսում հաղորդումներ:
-Ինչի՞ց եք Ձեզ ապահովագրում:
-Ոչ թե ապահովագրում եմ ինձ ինչ-որ բանից, այլ պարզապես քաղաքականությունն իմ ոլորտը չէ, ես այդ տիրույթում ակտիվ գործիչ չեմ: Զբաղվում եմ կրթության, մշակույթի ոլորտներով: Բայց մտովի շատ հարցեր եմ քննարկում, որոնք կրթության, մշակույթի հետ կապ չունեն: ՈՒ հանկարծ ինձ բռնում եմ այն բանում, որ սխալ եմ մտածում: Իսկ ավելի շատ տանջվում եմ այն դեպքում, երբ սխալ եմ մտածում, քան այն դեպքում, երբ սխալ եմ գործում: Եվ քանի որ չեմ ուզում այդ հարցերում սխալվել, դրանցով չեմ զբաղվում: Որպեսզի չսխալվեմ, որպեսզի ճիշտ, արդար լինեմ, պետք է շատ խորանամ այդ ամենի մեջ: Ամեն դեպքում մենք պիտի դրսևորենք փոխվստահություն: Կան մարդիկ, հասարակական կազմակերպություններ, համապատասխան կառույցներ, որոնք զբաղվում են այդ հարցով, և մենք պետք է վստահենք նրանց: Դա իրենց տիրույթն է:
«ԵՍ ԸՆԴՀԱՆՐԱՊԵՍ ԴԵՄ ԵՄ «ԸՆԴԴԻՄՈՒԹՅՈՒՆ» ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅԱՆԸ»
-Ի՞նչ եք կարծում, Ժորժ Կոլոմբիեի և Ջոն Պրեսկոտի այցը Հայաստան մեզ համար նպաստավոր ելքի կհանգեցնի՞ ԵԽԽՎ-ի հունվարյան նստաշրջանում:
-Ե՛վ պատմական փաստերից ելնելով, և՛ մերօրյա իրականությունը դիտարկելով, կարծում եմ, որ մենք պետք է ավելի համարձակ լինենք, և մեզ ավելի շատ կհարգեն: Այլազգիների, այլ պետությունների ներկայացուցիչների մեջ գուցե թե մեր հանդեպ չարամտություն չկա, բայց քաղաքական նպատակներ հաստատ կան: Ընդ որում, քաղաքական նպատակներում էլ կարող են լինել մոլորություններ: Կարող են մտածել, թե հօգուտ մեզ ինչ-որ քաղաքական ծրագրեր են իրականացնում, բայց դա ընդամենը մոլորություն լինի: Շատ կարևոր է ցույց տալ աշխարհին, որ մենք ունենք մեր հաստատ այլուղին և դրանից չենք շեղվի՝ անկախ ճնշումներից: Մենք պետք է վաստակենք այդ այլուղին, դա հենց այնպես չպետք է տրվի, ինքնանպատակ չպետք է լինի: Քրիստոնեության ամբողջ պատմության ընթացքում մենք այդպես ենք դրսևորվել: Անկախ քրիստոնեության՝ դեպի տարբեր աղանդներ, դեպի տարբեր ուղղություններ շեղվելուց, մենք կարողացել ենք միշտ հաստատ մնալ մեր ընտրած, մեր ըմբռնած ուղու վրա: Կարծում եմ՝ մեր ապրելակերպով, մեր ներքին կյանքի կազմակերպման հարցերով պետք է մեզ նշմարելի դրսևորենք, այնպես, որ կողքից զգան այդ բանը: Դրսի աշխարհը պետք է զգա, որ այս ազգը, այս երկիրն ինքնուրույն մոտեցումներ ունի և կայուն, վճռորոշ քայլեր է անում: Եվ չպետք է միայն բավարարվել պայման դնելով կամ առաջարկություն անելով: Պետք է գործի փոխադարձ հարգանքի սկզբունքը, որը հարկավոր է վաստակել:
-Դա վաստակելու հարցում մեր ընդդիմությունը կարո՞ղ է դրական դերակատարություն ունենալ:
-Ես ընդհանրապես դեմ եմ «ընդդիմություն» արտահայտությանը: Որպես մեթոդաբան՝ կուզեի ասել, որ սա իրականության տարօրինակ խեղաթյուրում է: Մենք երկար ժամանակ սև-սպիտակ հեռուստացույց էինք նայում, սև-սպիտակ լուսանկարներ էինք տեսնում: Իրականում մեր տեսածը գունավոր էր, բայց մենք միայն երկու գույն էինք տեսնում: Այդպես է և քաղաքականության մեջ: Տարբեր ու շատ են քաղաքական դաշտում գործող ուժերը, և դրանք սև-սպիտակ չեն: Անհնար է մեկին կոչել ընդդիմություն, մյուսին՝ իշխանություն և պատկերացնել, որ դրանք կա՛մ սև են, կա՛մ սպիտակ: Իրականում դրանք տարբեր քաղաքական շահեր ունեցող սուբյեկտներ են, որոնք տարբեր պահերի տարբեր խաղեր են խաղում ու տարբեր վերադասավորումների են ենթարկվում: Եթե մարդը խոսում է սև-սպիտակ լեզվով, նշանակում է` նրա պատկերացումներն էլ են այդպիսին ստեղծված իրավիճակի նկատմամբ, և այդ մարդը ոչ թե սխալվում է, այլ մոլորության մեջ է, ունի խեղաթյուրված պատկերացումներ: Իսկ այդ դեպքում և՛ վերլուծությունները կլինեն խոտանված, և՛ կայացված որոշումները՝ անարդյունավետ:
«ՄԱՐԴԸ ՈՉ ՄԻԱՅՆ ՊԻՏԻ ԿԱՐՈՂԱՆԱ, ԱՅԼԵՎ ՊԻՏԻ ՑԱՆԿԱՆԱ ՎԱՐԵԼ ՈՐԵՎԷ ՊԱՇՏՈՆ»
-Քաղաքապետի ընտրության շեմին ենք: Ըստ Ձեզ, ի՞նչ հատկանիշներով պիտի օժտված լինի Երևանի քաղաքապետը:
-Առհասարակ, եթե մարդը գործի նպատակն ու շահը չգերադասեց մնացած բոլոր շահերից, անկախ իր ունեցած հատկանիշներից, տվյալ պաշտոնում իրեն չի արդարացնի: Մարդը կյանքի իմաստի մի կտորը պետք է տեսնի իր գործունեության մեջ, ու դա պետք է առաջնային լինի նրա համար: Դա պահանջում է լուրջ նվիրվածություն: Եվ եթե քաղաքապետն այդ նվիրվածությունը չունենա, եթե իր գործին նայի ոչ թե որպես նպատակի, այլ որպես պաշտոնի, դա կլինի աղետ: Կարծում եմ, որ մենք ունենք այդ գործին պատրաստ մարդիկ, բայց պետք է մեխանիզմներն այնպիսին լինեն, որ նրանք համաձայնեն ու ցանկանան աշխատել: Ինձ էլ են առաջարկել ընդգրկվել ավագանու ցուցակում, հետագայում էլ զբաղեցնել քաղաքապետի պաշտոնը: Եվ շատ են զարմացել, երբ մերժել եմ: Մարդը ոչ միայն պիտի կարողանա, այլև պիտի ցանկանա վարել որևէ պաշտոն:
Զրույցը վարեց Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆԸ

Դիտվել է՝ 2048

Մեկնաբանություններ